30 մայիսի 2012 - 18:19 AMT
«Փակ շուկայի» ակտիվիստների կազմակերպած առաջին հանրային քննարկումը տեղի կունենա վաղը

«Փրկենք փակ Շուկան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները վաղը` ժամը 14:00-ին, Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում կկազմակերպեն առաջին հանրային քննարկումը Փակ շուկայի խնդրի վերաբերյալ:

Բանախոսները կներկայացնեն խնդրի իրավական, ճարտարապետական և մշակութային դիտանկյունները: Կներկայացվեն նման խնդիրներին արձագանքելու, քաղաքացիական վերահսկողության և այլ հարցեր: Կքննարկվեն նաև քաղաքացիական նախաձեռնությունների հետագա անելիքները ճարտարապետական այս և այլ հուշարձանների պահպանության և վերականագնման ուղղությամբ:

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, «Փրկենք փակ շուկան» նախաձեռնության անդամ Ստեփան Սաֆարյանը ասել էր, որ նախաձեռնության անդամներն իրենք են պատրաստվում կազմակերպել հանրային լսումներ Փակ շուկայի տանիքի քանդման անօրինական աշխատանքների հետ կապված, քանի որ համապատասխան մարմինը` հանրային խորհուրդը դրանով չի զբաղվում։