31 մայիսի 2012 - 10:07 AMT
«Հայկական ժամանակ». ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ԲՀԿ-ական թեկնածուները հայտնի են

«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ իրենց թղթակցին հայտնի է դարձել, թե այսօր նոր խորհրդարանի առաջին նիստում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում ԲՀԿ խմբակցությունն ում թեկնածություններն է առաջադրելու:

«ԲՀԿ-ին, ըստ Դոնթի բանաձևի, բաժին է ընկնելու չորս հանձնաժողով, դրանք են` եվրաինտեգրման հանձնաժողովը, մարդու իրավունքների հանձնաժողովը, գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովը ու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը: Եվրաինտեգրման հանձնաժողովում կառաջադրվի Նաիրա Զոհրաբյանը, որն, ի դեպ, նաև ԲՀԿ խմբակցության քարտուղարն է լինելու, մարդու իրավունքների հանձնաժողովում` Էլինար Վարդանյանը, գյուղատնտեսական հանձնաժողովում` Սամվել Բալասանյանը, տարածքային հանձնաժողովում` Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ-ն նաև երեք հանձնաժողովներում փոխնախագահ է ունենալու, բայց թե որտեղ ում է առաջադրելու` քննարկելու է այսօր:

Ի դեպ, այս օրերին իշխանական կուլիսներում քննարկվում է, թե ԲՀԿ-ի թողած պաշտոններում ովքեր են նշանակվելու:

Հիշեցնենք, «Բարգավաճը» նախկին կառավարությունում ուներ նախարարական չորս պորտֆել և մարզպետի երկու պաշտոն` Գեղարքունիքի և Վայոց Ձորի: Ըստ շրջող խոսակցությունների, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, իսկ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում` Վայքի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը»,- գրում է «ՀԺ»-ն: