17 հուլիսի 2004 - 19:46 AMT
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԳՈՐԾԸ ԿՔՆՆՎԻ ԱՐԴԱՐ ԵՎ ԱՆԱՉԱՌ
Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մեղսակության մեջ մեղադրվող հայ օդաչուների գործը կքննվի անաչառ եւ կկայացվի արդարացի որոշում: Այս մասին հայտնել են այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները` Հայաստանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում, որոնք ձերբակալված հայ օդաչուների հետագա ճակատագրի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով հունիսի 30-ից հուլիսի 13-ը գտնվում էին մայրաքաղաք Մալաբոյում: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Եգիպտոսում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանի Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ Գեւորգ Պետրոսյանը հանդիպել են Հասարակածային Գվինեայի արդարադատության - առողջապահության նախարարների, գլխավոր դատախազի եւ ԱԳ պետքարտուղարի հետ: Պատվիրակությունն այցելել է նաեւ հայ օդաչուներին: Աղբյուրի համաձայն` բանակցությունների արդյունքում հաջողվել է բարելավել հայ օդաչուների ազատազրկման պայմանները, ապահովել անհրաժեշտ բժշկական պարագաների փոխանցումը: Կազմակերպվել է նաեւ օդաչուների հեռախոսազրույցը Երեւան` բարեկամների հետ: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության վեց աշխատակիցներ 2004 թվականի հունվարից գերմանական «ԿԱԼ» ընկերության հետ պաայմանագրով աշխատել են Հասարակածային Գվինեայում` շահագործելով Հայաստանում գրանցված Ան-12 ինքնաթիռը: