31 մայիսի 2012 - 18:52 AMT
Պատրիկ Մըրֆի. ԵԱՀԿ իռլանդական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մըրֆիին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարար Նալբանդյանն ու դեսպան Մըրֆին հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների շուրջ: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարն ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլող քայլերի՝ ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի, շփման գծում պարբերական սադրանքների վրա:

Պատրիկ Մըրֆիին իր հերթին նշեց, որ ԵԱՀԿ իռլանդական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և շփման գծում լարվածության թուլացմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

Զրուցակիցներն անդրադարձան նաև ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի օրակարգային հարցերին: