Coca-Cola և McDonald's ընկերությունները խիստ քննադատության են ենթարկել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի՝ մեծ բաժիններով գազավորված ըմպելիք վաճառելու արգելքը: Ըստ վերոնշյալ ընկերությունների, նոր կաննոները ճարպակալման դեմ պայքարի արդյունավետ միջոց չեն հանդիսանում, բացի այդ, սահմանափակում են գնորդների ընտրությունը:
«Նյու Յորքի բնակիչներն ավելիին են արժանի: Նրանք ի վիճակի են որոշելու, թե ինչ ըմպելիքներ գնեն»,-ասվում է Coca-Cola-ի հայտարարության մեջ:
Ըստ Բլումբերգի, գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումն է պատճառը, որ Նյու Յորքի բնակչության մեծահասակների կեսից ավելին և դպրոցականների մոտ 40 տոկոսը տառապում է ճարպակալումից և ավելորդ քաշից:
Արգելքը կտարածվի ռեստորանների, կինոթատրոնների, մարզասրահների վրա: Կարգելվի ըմպելիքների վաճառքը 0,47 լ տարողությունը գերազանցող տարաներով, տուգանքը կկազմի 200 դոլար: Խանութների և սուպերմարկետների վրա դա չի տարածվում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: