1 հունիսի 2012 - 16:57 AMT
Կիրո Մանոյան. Սիրիայից հայերի արտագաղթը Լիբանան առայժմ զանգվածային բնույթ չի կրում

«Հայ Դատի» հայկական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտնել է, որ առայժմ հուզումների ալիքով համակված Սիրիայից հայկական համայնքի արտագաղթը Լիբանան զանգվածային բնույթ չի ստացել: «Համայնքը հիմնականում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, համենայնդեպս որպես համայնք, այժմ չունի»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ընդ որում Մանոյանը հավելել է, թե չի կարելի բացառել, որ ապագայում այդ վտանգը կարող է հայտնվել:

Ինչ վերաբերում է հայկական համայնքի տեղափոխություններին, ապա, Մանոյանի խոսքով, այդ երկու երկրներում լարվածության դեպքերում հայերը հաճախ են տեղափոխվել Լիբանանից Սիրիա կամ հակառակը: