1 հունիսի 2012 - 22:02 AMT
Ֆիլիպ Լեֆորն անթույլատրելի է համարում սպառազինության մրցավազքը ղարաբաղյան հակամարտության գոտում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն անթույլատրելի է համարում ռազմատենչ ճարտասանություն ու սպառազինության մրցավազքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին նա հայտնել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և բուհի ուսանողների հետ հանդիպմանը:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի դրույթների մշտական խախտումների և երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին` Լեֆորը հայտնել է, որ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության բարդությունը` ռազմական ճարտասանությունն անթույլատրելի է: Նա անընդունելի է համարել նաև սպառազինության մրցավազքը` ընդգծելով, որ այն հարկավոր է կանխել:

Լեֆորի խոսքով` Եվրամիությունը դեմ է պատերազմին` «լինի դա պատահական կամ ծրագրված», քանի որ պատերազմն աղետ կդառնա տարածաշրջանի համար: