1 հունիսի 2012 - 22:04 AMT
Ֆիլիպ Լեֆորը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության մասին. ԵՄ-ն չի կարող ԵԱՀԿ-ի փոխարեն որոշումներ կայացնել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը շատ ռիսկային է, գտնում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Այդ մասին նա հայտնել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և բուհի ուսանողների հետ հանդիպմանը:

«ԵՄ-ում ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Եվրամիության դերին վերաբերող քննարկումներ են ընթանում: Քննարկվել է նաև այն հարցը, թե արդյոք արժե ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինել Եվրամիությամբ: Պետք է հստակ հայտնեմ, որ դա մեր լիազորությունների մեջ չի մտնում, ԵՄ-ն չի կարող ԵԱՀԿ-ի փոխարեն որոշումներ կայացնել»,- հայտնել է Լեֆորը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի կարելի փոխել, քանի որ հենց այդ ձևաչափն է մշակել Մադրիդյան սկզբունքները, որոնք մինչ օրս միակ փաստաթուղթն են, որի հետ համաձայնել են բանակցային գործընթացի երկու կողմերը: