1 հունիսի 2012 - 21:03 AMT
Ժամանակին քրդական կուսակցությունը չի ստորագրել Ցեղասպանության մասին Ֆրանսիայի բանաձևի դեմ հայտարարությունը

Մի խումբ հայ և թուրք լրագրողներ այցելել են Թուրքիայի խորհրդարան, որտեղ հանդիպել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության (BDP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանի հետ: Վերջինս հայտնել է, որ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մշտապես կուսակցական օրակարգի կենտրոնում է: Նա ցավով է նշել, որ վերջին խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցությունը հայազգի թեկնածուներ չէր առաջադրել, քանի որ իրենց խորհրդարանում որքան հնարավոր է շատ տեղ էր հարկավոր: BDP-ում այս անգամ որոշեցին ռիսկի չդիմել և հայերի չառաջադրել:

Սակայն ՔԱփլանը հայտնել է, որ հաջորդ ընտրություններում «թերությունը» կվերացվի, և խորհրդարան կհաջողվի անցկացնել հայազգի պատգամավորի:

Քափլանն անդրադարձել է նաև ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծին և դրա ընդունման դեմ թուրքական կողմի նախաձեռնություններին` նշելով, որ խորհրդարանի 3 մնացած կուսակցությունները ստորագրել էին համապատասխան հայտարարության տակ, իսկ BDP-ն` ոչ: «Մեր պապերը ժամանակին սխալներ են թույլ տվել: Ես հրաժարվեցի ստորագրել այդ փաստաթուղթը, քանի որ դրանում պատմական փաստերը խեղաթյուրված էին: Առանց մեր ստորագրության այդ փաստաթուղթն այլևս հնարավորություն չուներ ներկայացնելու ողջ խորհրդարանի տեսակետը: Խոսնակը պարզապես ընթերցեց այն և դեն նետեց»,- ասել է Քափլանը, հաղորդում է Aze.az-ը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է:

Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Նիկոլյա Սարկոզին նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ իր ընտրվելու դեպքում օրինագծի նոր տեքստը կներկայացվի արդեն հունիսին:

Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլլանդը նույնպես խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: