1 հունիսի 2012 - 21:04 AMT
Չարժե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ԼՂ հակամարտության հետ, գտնում է Ֆիլիպ Լեֆորը

Ղարաբաղյան հակամարտության կապումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կարող է բացասաբար անդրադառնալ երկու գործընթացների վրա, գտնում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Այդ մասին նա հայտնել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և բուհի ուսանողների հետ հանդիպմանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա, բայց չարժե դրանք կախվածության մեջ դնել ղարաբաղյան հիմնախնդրից»,- հայտնել է Լեֆորը:

Նա հույս է հայտնել, որ երկու խնդիրներն էլ կստանան իրենց լուծումները` ընդգծելով, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը: