2 հունիսի 2012 - 18:19 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը կարևորում է հուսալի և բարեկամական Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը:

Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարևան և լավ բարեկամ Իրանի հետ: Երկուստեք ողջունելով Հայաստանի և Իրանի միջև վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը և ընդգծելով դրանք ավելի մեծացնելու առկա ներուժը` զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:

Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները:

Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն երկուստեք կարևորել և բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը նախատեսված է մոտակա օրերին անցկացնել Երևանում: