4 հունիսի 2012 - 18:54 AMT
Տարոն Մարգարյանն ու Պյոտր Կուզելին քննարկել են աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիա ստանալու հնարավորությունները

Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուվածքներում տարբեր ծրագրերի շուրջ, մասնավորապես հասարակական տրանսպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից կքննարկվեն ներկայացվող առաջարկները և հավաստիացրել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն: