4 հունիսի 2012 - 22:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հիլարի Քլինթոն. Ես հավատում եմ, որ Հայաստանը պայծառ ապագա ունի

Ինչպես Երևան կատարած այցի շրջանակում երկուշաբթի օրը մամլո ասուլիսում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինքն ուրախ է հերթական այցին Հայաստան, ինչպես նաև իրեն ցուցաբերված շատ ջերմ ընդունելությանը:

«Մենք այսօր հայացք ենք նետում դեպի հետ, տեսնում, թե ինչպիսի ճանապարհ ենք անցել, և գնահատում, թե էլ ինչ կարելի է անել»,- նշել է Քլինթոնը: Իր խոսքում նա անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցությանը խաղաղապահական գործողությունների ժամանակ, ԱՄՆ աջակցությանը ղարաբաղյան հակամարտության լուծմանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Պետքարտուղարն ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի կողմից մասնավորապես հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների իրականացմամբ:

«Ես հավատում եմ, որ Հայաստանը պայծառ ապագա ունի»,- հայտնել է նա:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Հիլարի Քլինթոնի նախորդ այցը համընկել էր ԱՄՆ Անկախության օրվա հետ, իսկ այսօրվանը` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի:

Նա հիշեցրել է, որ 20 տարի առաջ այդ ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը նշում էր, որ Հայաստանին ու ԱՄՆ-ին միավորում է հավատարմությունը ժողովրդավարությանը:

ՖՈՏՈՇԱՐՔ