5 հունիսի 2012 - 17:01 AMT
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդները վաղվանից կարող են օգտվել Էլեկտրոնային առևտրի ծառայությունից

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առաջին բանկն է Հայաստանում, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետի համաշխարհային ցանցում միջազգային վճարման քարտերի էքվայրինգ իրականցնելու նպատակով:«Ինտերնետ-էքվայրինգը Հայաստանի համար նշանակալի է այն առումով, որ այն կնպաստի երկրում էլեկտրոնային առևտրի հատվածի զարգացմանը, ինչպես նաև կօգնի առևտրի և սպասարկման ձեռնարկություններին մուտք գործել էլեկտրոնային առևտրի համաշխարհային շուկա, իսկ հաճախորդներին` առավել ակտիվ օգտագործել իրենց քարտերը»,-հունիսի 5-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայատարարել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

Ըստ նրա, բանկի համագործակցությունը միջազգային վճարային համակարգի հետ երկար պատմություն ունի, երբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ դարձավ Հայաստանում այս վճարային համակարգի առաջին կիրառողը և սկսեց Visa քարտերի արտադրություն: «Արդեն 10 տարի է մենք փորձում ենք նոր արտադրանք մատուցել: Շատ կարևոր էր, որ զուտ տեխնոլոգիական առումով, բանկն այնքան պատրաստ էր, որ կրկին հանրապետությունում դարձավ այդ ծառայությունը մատուցող առաջին բանկը, որն արդեն վաղվանից հասանելի կլինի մեր հաճախորդներին»,-ընդգծել է նա:

Ինչպես հաղորդել է Արմեն Խանդկարյանը, այսօրվա դրությամբ բանկում կա Visa քարտերից օգտվող մոտ 80 հազար հաճախորդ: Բանկն իրականացնում է նաև աշխատավարձերի հետ կապված մոտ 150 նախագծեր, իսկ այդ ոլորտում կուտակված փորձը թույլ կտա բանկին առաջատար դիրք զբաղեցնել մրցունակության դաժան պայմաններում:

Իր հերթին ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան և Մոլդովա) Visa բիզնեսի զարգացման գծով տնօրեն Իրինա Կամխաձեն հավելել է, որ ինտերնետ-էքվայրինգի նոր ծառայության ներդրումը ոչ միայն նոր հնարավորություններ կբացի հայկական ընկերությունների առջև` հանրապետության սահմաններից դուրս էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար, այլ նաև լավ խթան կհանդիսանա երկրի ներսում ևս այն զարգացնելու համար: Մասնագետը կարևորություն է տվել բանկի հաճախորդների և գործընկերների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչին և ուղղված են Visa-ի ջանքերը: