28 հուլիսի 2004 - 18:57 AMT
ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ.ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՄՆ ԿՈՂՄԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է
Հայաստանին եվ Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական օգնության տրամադրման հարցը բացառապես քաղաքական է: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հիշեցնենք, որ հակառակ ԱՄՆ վարչակազմի առաջակին Ադրբեջանին 8 մլն դոլար, իսկ Հայաստանին 2 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է երկու երկրներին օգնության ծավալի հավասարեցման օգտին` 5-ական մլն դոլարի չափով: Մամեդյարովի խոսքերով, եթե Ադրբեջանը կոալիցիայի գծով ԱՄՆ գործընկերն է, իր զինվորներն է ուղարկում Իրաք, մինչդեռ Հայաստանն այդ ամենը չի անում, հավասարեցնել նրանց` նշանակում է քաղաքական գնահատական տալ հարցին: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Վաշինգթոն կատարած իր վերջին այցի ժամանակ ԱՄՆ քաղաքական ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում նա իր դժգոհությունն է հայտնել այդ առնչությամբ: Քննարկումներում մենք նշել ենք այն բանի անհրաժեշտությունը, որ Սպիտակ տունը շարունակի պնդել միջոցների բաշխման այն համամասնության վերականգնման վրա, որը առաջարկել էր ի սկզբանե: