6 հունիսի 2012 - 12:55 AMT
Շահան Քանդահարյան. Երևանում ԱՄՆ պետքարտուղարը որևէ նոր բան չի ասել

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Երևան այցի ընթացքում կատարած հայտարարությունները կարելի է դիտարկել երկու հիմնական ուղղություններով, PanARMENIAN.Net-ին հաղորդել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Հայ-թուրքական հարաբերությունների առումով «գնդակը թուրքական դաշտում» գտնվելու մասին Քլինթոնի հայտարարությունը կարելի է ասել օրինաչափ է այն իմաստով, որ առաջին անգամը չէ, որ պաշտոնական Վաշինգտոնը խոսում է հարաբերությունները առանց նախապայմանի ծավալելու անհրաժեշտության մասին: «Այս առումով, ԱՄՆ պետքարտուղարը որևէ նոր բան չի ասել»,-նկատել է նա:

«Նույնը վերաբերում է Քլինթոնի այն խոսքերին, որ Արցախյան հիմնահարցը լուծելիս անթուլատրելի է ուժի կիրառումը, ապա դա դասական շեշտադրում է, որ սիրում են անել դիվանագետները: Խնդիրը այս դեպքում հետևյալն է. ԱՄՆ-ի պետքարտուղարը ասել է, որ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ` Միացհալ Նահանգները հանձնառու է աշխատել բոլոր կողմերի հետ` առաջ տանող ճանապարհ գտնելու համար: Այս դեպքում Քլինթոնը ինչպե՞ս է համաձայնեցնում իր հայտարարությունը պետքարտուղարության զեկույցի այն բաժնի հետ, որտեղ խոսվում էր «Հայաստանի օգնությամբ հայ անջատողականների Լեռնային Ղարաբաղի և յոթը տարածքներ զբաղեցնելու» մասին: Այս հակասության պարզաբանումը մինչ այժմ չի կատարել պետքարտուղարության որևէ ներկայացուցիչ, այդ թվում` պետքարտուղար Քլինթոնը»,-ընդգծել է Շահան Քանդահարյանը: