6 հունիսի 2012 - 18:24 AMT
Իրանը հայտարարում է, որ երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից

Իրանը երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն, հայտնում է Fars գործակալությունը: «ՄԱԳԱՏԷ-ի կոնվենցիայի ընդունումը կամավոր քայլ է ՄԱԳԱՏԷ-ի անդամների միջև համագործակցության հաստատման համար, ոչ թե լրտեսության ու անդամ պետությունների հասցեին սպառնալիքների»,-ասել է Սոլթանիեն:

Նա հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները պետք է ստուգումներ անցկացնեն Իրանի միջուկային օբյեկտներում, ոչ թե լրտեսությամբ զբաղվեն: «Իրանը լրջորեն մտահոգված է գաղտնի տեղեկությունների արտահոսքով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից»,-ասել է Սոլթանիեն:

Ըստ նրա, ՄԱԳԱՏԷ-ն շուրջ 100 անգամ տեսչական այցեր է կատարել Իրանի միջուկային օբյեկտներ ու այդպես էլ հարստացված ուրանի հետքեր չի գտել: