
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի պատվիրակությանը՝ տնօրեն, ոստիկանության գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նիկոլայ Օվչիննիկովը ոստիկանության պետին, որպես ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահողի` զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում Բյուրոյի կողմից կատարված աշխատանքների մասին:
Ներկայացվել են նաև 2012թ. աշնանը կայանալիք ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ոստիկանության և Բյուրոյի միջև համագործակցության ու զարգացման հետագա ուղիները:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովը պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով, իսկ պատվիրակության անդամ Սերգեյ Գաֆարովը՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով: