6 հունիսի 2012 - 22:23 AMT
Արթուր Աբրահամ. Հանուն չեմպիոնի տիտղոսի վերադարձման ես պատրաստ եմ հաղթահարել բոլոր դժվարությունները

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը այսօր Բեռլինում հանդիպել է WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Այդ մասին հաղորդում է հայ բռնցքամարտիկի մամլո քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Այսօր Բեռլինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռոբերտ Շտիգլիցն ասել է, թե պատրաստվում է պաշտպանել աշխարհի չեմպիոնի գոտին. այն այժմ Շտիգլիցի մոտ է):

Արթուր Աբրահամն իր հերթին շեշտել է, որ ուրախ է տիտղոսային մարտը «О2 World» արենայում անցկացնելու համար: Նա հայտարարել է, որ իր նպատակը աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն է: «Մինչ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելը ինձ սպասվում է մարզումների ծանր փուլը: Նպատակիս հասնելու համար պատրաստ եմ հաղթահարել ամեն դժվարություն»,- ասել է հայ բռնցքամարտիկը:

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի «О2 World» արենայում: