Ադրբեջանական դիվերսիաները շփման գծում վկայում են այն մասին, որ միջազգային հանրությունը կամ չի կարող, կամ չի ուզում ճնշում գործադրել Բաքվի հանդեպ, կամ նրան այնքան էլ չի հետաքրքրում թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, նույնիսկ պատերազմը: Այդ մասին Երևանում լրագրողներն է ասել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: «Դա շատ վտանգավոր է, քանի որ ստացվում է, որ մենք անվերահսկելի հարևան ունենք, որի վրա ոչ ոք չի կարող ազդել»,-ասել է նա:
Ըստ Սաֆարյանի, ադրբեջանական իշխանություններն իրենց գործողություններով փորձում են ապացուցել հանրությանը, որ «Ադրբեջանն ուժեղ է և կարող է հաղթել, որ նրա հետ աշխարհում հաշվի են նստում»: Այդ դիվերսիաների մեկ այլ նպատակն է համաշխարհային հանրության արձագանքը ստուգելը ղարաբաղյան հակամարտության հնարավոր ուժային լուծման դեպքում: «Ադրբեջանը փորձում է տնտղել, թե ինչպիսին կլինի համաշխարհային հանրության արձագանքը, եթե նա արկածախնդրության գնա: Կհանդուրժեն արդյոք դա, հավանություն կստանան որոշակի շրջանակներից թե ոչ»,-ասել է նա:
Սաֆարյանը ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, թե Հիլարի Քլինթոնի Բաքու այցելության ժամանակ որքան մեծ ուշադրություն է դարձվել էներգետիկ հարցերի շուրջ բանակցություններին: Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է «ավելի թանկ վաճառել պատերազմ չսկսելու իր մեծահոգությունը» և էներգետիկ հարցերում Արևմուտքին սատարելու դիմաց հասնել նրան, որ Արևմուտքն աջակցի նրան իր խնդիրների լուծման մեջ: