8 հունիսի 2012 - 12:13 AMT
Գարնանային զորակոչը երկարաձգվել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով այս տարի գարնանային զորակոչը երկարաձգվել է մայիսի 22–ից մինչև հունիսի 30–ը։ Հունիսի 8–ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը։

«Սա կապված է 12–րդ դասարանցիների բանակ գնալու հետ։ Ժամկետները երկարաձգվել են, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հանձնելու ավարտական և ընդունելության քննությունները»,–ասաց նա։

Փոխվել է նաև բնակավայրին մոտ ծառայելու հեռավորությունը։ Եթե նախկինում այդ շառավիղը նվազագույնը 100 կմ էր, այժմ այն դարձել է 150 կմ, ինչը, ըստ Գեղամ Հարությունյանի, կապված է զինծառայողների ռացիոնալ տեղաբաշխման հետ։

Վերջին փոփոխությունը վերաբերում է զինծառայության տարկետման արտոնություններից օգտվելուն։ Այժմ արտոնություններից չեն կարող օգտվել միակողմանի ծնողազուրկ զինակոչիկները, ովքեր ունեն չափահաս քույր կամ եղբայր։