Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունները Թուրքիայի կողմից հրահրված սադրանքներ են։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։
Նրա համոզմամբ, պատերազմ չի վերսկսկի, սակայն, եթե նույնիսկ պատերազմ լինի, ապա Հայաստանը դրանից միայն կշահի, քանի որ վերջապես հնարավորություն կունենա ազատագրելու Նախիջևանը` դրանով իսկ նվազեցնելով շրջափակումը և ճանապարհ բացելով դեպի Իրան։
Բաբուխանյանն ասաց, որ ժամանակն է, որպեսզի ՀԱՊԿ–ը և Հայաստանում գտնվող ռուսական ռազմական ներկայության ղեկավարությունը հանդես գան համապատասխան հայտարարությամբ`Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված դիվերսիայի վերաբերյալ, քանի որ ՀԱՊԿ անդամ պետությունը ենթարկվում է հարձակումների։
ՍԻՄ կուսակցության նախագահն անհանգստացած է նաև ԱՄՆ–ի և եվրոպական որոշ պետությունների այս հարցում ունեցած դիրքորոշմամբ։ Ըստ նրա, այդ պետություններն ու ԱՄՆ–ն քաջալերում են Ադրբեջանի ռասիստական, ֆաշիստական գործողությունները։ Հայկ Բաբուխանյանին վրդովեցնում է նաև այն, որ որոշ քաղաքական գործիչներ` Լևոն Զուրաբյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, օգտագործում են վերջին դեպքերը իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու համար։
«Չէի ցանկանա, որ ընդդիմությունն իրեն պահեր որպես օտար ուժերի գործակալ և որպես օտար պետության մասնիկ»,–հավելեց նա։