11 հունիսի 2012 - 12:24 AMT
ԼՂՀ ԱԺ. Միջազգային հանրությունը պետք է անհապաղ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը հանդե են եկել հայտարարությամբ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը գնալով ավելի է սրվում:

Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկում նույնիսկ խաղաղ բնակչության հանդեպ: Եվ այդ ամենը իրականացնում է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

«Խստորեն դատապարտելով Հայաստանի եւ Արցախի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ եւ սադրիչ գործողությունները` մենք հայտարարում ենք.

- Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ, - միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վճռական է` պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը եւ զորացնելու իր անկախ ու ինքնիշխան պետությունը»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցություններ և «Արցախատուն» պատգամավորական խումբը: