Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել բուն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Իսրայելի իշխանությունները ցանկանում են օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիային «պատժելու» համար:
Կիրակոսյանը գտնում է, որ իրենց նպատակների համար երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարցի օգտագործումը չի նպաստում նրան, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հունիսի 12-ին Իսրայելի Քնեսեթի ընդլայնված նիստում տեղի կունենա 1915թ. Հայոց ցեղասպանության 97-ամյակի թեմայի հանրային քննարկումը: Քննարկման նախաձեռնողը «Մերեց» կուսակցության անդամ Զահավա Գալյոնն է, որը ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի աջակցությունը, որը «Լիկուդից» է ընտրված:
Ինչպես գրում է Haaretz-ը, միայն ընդլայնված նիստով գործը չի ավարտվի՝ Հայոց ցեղասպանության թեման կարծարծվի նաև Քնեսեթի հանձնաժողովներից մեկում:
Ըստ պարբերականի, հավանաբար, սա յուրօրինակ դեմարշ է Թուրքիայի իշխանությունների դեմ: Այն տեղի կունենա պետական հսկիչ Միխի Լինդեշտրաուսի թուրքական «Մավի Մարմարա» նավի գրավման ժամանակ Իսրայելի բանակի գործողությունների մասին զեկույցի ներկայացման նախօրեին, գրում է IzRus-ը: