11 հունիսի 2012 - 18:00 AMT
Մեկնարկել է «Արի տուն» ծրագիրը. Հայաստան կայցելեն 25 երիտասարդներ ԱՄՆ–ից, ՌԴ–ից և Վրաստանից

Հունիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի բացումը, որին ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, Երևանի վարչական շրջանների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի մասնակիցները`25 երիտասարդներ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և ԱՄՆ-ից

Ազդարարելով «Արի տուն»-2012թ. ծրագրի մեկնարկը` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից երեխաներին և նրանց ծնողներին` հայրենիք գալու և հայրենիքը ճանաչելու մեծ ցանկության համար: Նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը ներկայացրել է 1-ին փուլի ծրագիրը, ըստ որի մասնակիցները կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և ուսումնական հաստատություններ, կլինեն Պաշտպանության նախարարության զորամասերում և այլ վայրերում, այնուհետև 4 օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:

«Արի տուն» ծրագրի նպատակն է` սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստանը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: