11 հունիսի 2012 - 18:01 AMT
ԴիջիԹեք Բիզնես ֆորումին կներկայացվեն էլեկտրոնային կառավարման ծառայություններ

5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումին պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունների մասին կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, Էլեկտրոնային ռեգիստրը (e-registor.am համակարգ), Պաշտոնական Տեղեկագիրը: Այս մասին հայտնում են ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության) լրատվական ծառայությունից:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի հարկ վճարողների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, մաքսային վճարների էլեկտրոնային համակարգը և ապրանքների էլեկտրոնային բաց թողնման ենթահամակարգը: Միևնույն ժամանակ ներկայացվելու են ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների վերջերս թողարկված պաշտոնական ինտերնետային կայքերը:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) կներկայացնի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը խթանող, նորարարությունների մուտքը դեպի տնտեսության այլ ճյուղեր ապահովող պետական ծրագրերը: Ֆորումը տեղի կունենա հունիսի 15-16-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: