11 հունիսի 2012 - 18:32 AMT
Արմեն Գևորգյանը քննարկել է «Տաթևի վերածնունդ»–ին և «Դիլիջանի միջազգային դպրոց»–ին վերաբերող հարցեր

Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի մոտ այսօր` հունիսի 11–ին, տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են «Տաթևի վերածնունդ» և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, ծրագրերի իրականացման պատասխանատուներն ու պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է եղել Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ենթակառուցվածքների ապահովման, դրանց որոշ հատվածների տեղափոխման և անհրաժեշտ պայմանների ստեղծման խնդիրներին: Անհրաժեշտ է համարվել քննարկման դնել Դիլիջան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, որը կհամապատասխանի քաղաքի զարգացման պահանջներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որն օպերատիվ կերպով կարձագանքի և կփորձի լուծում տալ ընթացքում ի հայտ եկող խնդիրներին: