Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման երրորդ շրջանի ստուգողական սեմինարը, որտեղ զեկույցով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը:
Վարդան Ասցատրյանը նշեց, որ կոնվենցիայի հիմնական իմաստը ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը նպաստելն է։
Սեմինարը նպատակ ունի նաև քննարկումների միջոցով ազգային փոքրամասնությունների խնդիրները վեր հանել և դրանց լուծման ուղիներ գտնել։
Հայաստանում 2000 թվականից իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակներում պետական բյուջեի ֆինանսավորմամբ տպագրվել են դասագրքեր, թերթեր, տարին 2 անգամ անցկացվում է ազգային փոքրամասնությունների փառատոն և այլն։
2011 թվականի տվյալներով Հայաստանում ազգային փոքրամասնությունները կազմում են բնակչության 2.5 տոկոսը։
Ամենամեծ համայնքը եզդիներին է` շուրջ 40 հազար, ամենափոքր ազգային փոքրամասնություններն են հրեաները, գերմանացիները, լեհերն ու բելառուսները, որոնց քանակը չի անցնում 1000–ից։