12 հունիսի 2012 - 13:49 AMT
«Teatro Romano - Verona 2013»-ի շրջանակներում Վերոնայի բնակիչները կծանոթանան հայկական երաժշտությանը

Հունիսի 6-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Վերոնա քաղաքում, ուր հանդիպում է ունեցել Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզիի հետ:

Ինչպես հայտնումէ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013թ. ամառային շրջանում Վերոնայի հռոմեական դարաշրջանի բացօթյա թատրոնում ամենամյա կազմակերպվող «Teatro Romano - Verona 2013» մշակութային միջոցառումների շարքի մեջ ներառել հայկական երաժշտության երեկո: Վերոնայի քաղաքապետը հավաստիացրել է, որ կցուցաբերի ամենայն աջակցություն հայկական երաժշտության երեկոյի կազմակերպման հարցում:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Վերոնայի և Հայաստանի քաղաքներից մեկի հետ համագործակցություն հաստատելու վերաբերյալ: Այս կապակցությամբ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հրավիրել է Ֆլավիո Տոզիին այցելել Հայաստան: