8 սեպտեմբերի 2004 - 23:24 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Այսօր կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երկօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրանի ղեկավար Մոհամադ Խաթամիի առանձնազրույցը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին, երկու երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարները նշել են, որ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության խորացման ճանապարհով հնարավոր է բարենպաստ մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման համար: Ռ.Քոչարյանի եւ Մ. Խաթամիի առանձնազրույցից հետո տեղի են ունեցել հայ-իրանական բանակցություններն` ընդլայնված կազմով, որոնց ավարտին նախագահները ստորագրել են պայմանագիր` Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության սկզբունքների եւ հիմունքների մասին: Ստորագրվել են նաեւ երկկողմ փաստաթղթեր էներգետիկայի, մշակույթի, մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ: