ԱՊՀ երկրները 2013թ. առանձնահատուկ ուշադրություն կհատկացնեն էներգետիկ անվտանգության հարցերին: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել ԱՊՀ Գործկոմի արտակարգ իրավիճակների նախազգուշացման և լիկվիդացման ոլորտում համագործակցության բաժնի պետ Ալեքսանդր Կոզլովը:
Ինչպես գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նա կմասնակցի Էկոլոգիական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարվա հիմնական միջոցառումների պլանի նախագծի համաձայնեցման և վերջնական մշակման վերաբերյալ ԱՊՀ փորձագետների նիստին:
«2013-ին ԱՊՀ երկրները նաև ատոմային էներգետիկայի ոլորտում բնապահպանական քաղաքականության առաջարկներ կմշակեն»,- նշել է նա:
Խոսելով 2013 թվականը Համագործակցությունում Էկոլոգիական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարի հայտարարելու նախաձեռնության մասին` Կոզլովը հաղորդել է, որ որոշման համապատասխան նախագիծն արդեն պատրաստվել է և կդիտարկվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում:
Փորձագետի խոսքով` Էկոլոգիական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարվա միջոցառումները վերաբերելու են ԱՊՀ բոլոր երկրներին: «Մենք լոկալ կերպով չենք դիտարկում էներգետիկ անվտանգության խնդիրը, միջոցառումներն ընդգրկելու են Համագործակցության բոլոր պետությունները»,- ասել է նա:
Ներկայումս Էկոլոգիական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարվա հիմնական միջոցառումների պլանի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկներն են ներկայացրել Հայաստանը, Բելոռուսիան, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանը, Ուկրաինան և ԱՊՀ Գործկոմը: