14 հունիսի 2012 - 20:53 AMT
Աֆրիկյաններ, ԱՕԿՍ, Փակ շուկա. Տեղի ունեցավ երթ` ի պաշտպանություն վտանգված հուշարձան-շենքերի

Հունիսի 14-ին Աֆրիկյանների տան մոտից տեղի ունեցավ երթ` ի պաշտպանություն Երևանի վտանգված հուշարձան-շենքերի: Մոտ 50 ակտիվիստներ Աֆրիկյանների տան մոտից Երևանի վտանգված շենքերի մեծ լուսանկարներով քայլեցին դեպի «թիրախ» շենքերը:

«Փրկենք հուշարձանները» նախաձեռնության անդամ Նարեկ Աշուղաթոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ երթի համար «թիրախ» շենքեր են ընտրվել Աֆրիկյանների տունը, ԱՕԿՍ-ի շենքը և Փակ շուկան:

Ակտիվիստները ճանապարհին բաժանում էին Աֆրիկյանների տան պատմության մասին պատմող տեղեկատվական թերթիկներ, իսկ շենքերին փակցնում «Պահպանվում է հասարակության կողմից» մակագրությամբ թերթիկներ:

Երթի մասնակիցներն անցան Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան, ԱՕԿՍ-ի, Արամի 30 հասցեում գտնվող շենքի, Հայաստանի Ազգային պատկերասրահի, Կառավարության շենքի, Փակ շուկայի շենքերի մոտով և, յուրաքանչյուրի մոտ կանգ առնելով, մի քանի րոպե իրենց բողոքն արտահայտեցին վտանգվող շենքերի քանդման դեմ:

Երթին մասնակցում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ով PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ շենքերի ոչնչացումը և' զգայական, և' իրավական, և' քաղաքական խնդիր է. «Պետք է հարգել սեփական երկրի կենսագրությունը, իսկ այդ կենսագրության կարևորագույն մասը մեր մշակութային ինքնությունն է, որի վավերագրերն այդ հուշարձաններն են: Ի վերջո, Երևանը բետոնե և ապակուց շենքերը չեն»:

Վերջում երթի մասնակիցները կրկին վերադարձան դեպի Աֆրիկյանների տուն: