19 մարտի 2003 - 22:58 AMT
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ ԵՎ ՀԱՄՈԶԻՉ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի գլխավոր դատախազությունը ունի բավարար եւ համոզիչ ապացույցներ ձեռնարկատեր Արմեն Սարգսյանին որպես ՀՀ Հանրային հեռուստատեսության ղեկավար Տիգրան Նաղդալյանի սպանության գլխավոր կազմակերպիչ մեղադրելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Արկա» գործակալությունը, այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա «անհեթեթ» է անվանել ընդդիմության մեղադրանքները, թե իշխանությունները օգտագործում են Տ.Նաղդալյանի սպանության հետաքննությունը «քաղաքական ընդդիմադիրներին չեզոքացնելու համար»: «Իշխանությունները լավ են գիտակցում, որ Ա.Սարգսյանի ձերբակալությունը կհանգեցնի երկրում լրացուցիչ լարվածության, իսկ դա մեզ ձեռնատու չէ»,-ասել է Ռ.Քոչարյանը: Նրա խոսքերով, դեռեւս երկու շաբաթ առաջ իրավապահ մարմինները զեկուցել են, որ Արմեն Սարգսյանի մեղադրանքի համար բավարար ապացույցներ կան: Սակայն, նախագահը դիմել է դատախազություն եւ կոչ է արել հավաքել լրացուցիչ նյութեր ձերբակալության մասին որոշում ընդունելուց առաջ: «Գլխավոր դատախազությունը այս գործի լուծման այլընտրանք չուներ, հակառակ դեպքում դա կնշանակեր հանցագործի պարտակում»,-ասել է Ռ.Քոչարյանը: Նախագահը «անհեթեթ» է անվանել նաեւ հայտարարություններն այն մասին, թե Ա.Սարգսյանի ձերբակալության միջոցով իշխանությունները փորձում են «հաշվեհարդար» լինել նախկին վարչապետներ Վազգեն եւ Արամ Սարգսյանների ընտանիքի հետ: «Նրանց ընտանիքը առաջին հերթին պետք է մտածի, թե ինչ պատասխանատվություն է կրում ժողովրդի, երկրի առաջ եւ մասնակցությունը ծանր հանցագործությանը, դա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է երկրի եւ Վազգեն Սարգսյանի հիշատակի նկատմամբ»,-ասել է Ռ.Քոչարյանը: «Վերջնական որոշումը ընդունելու է դատարանը, եւ այդ տեսակետից բոլոր բողոքները պետք է ուղղվեն այնտեղ: Ես ոչ իրավունք, ոչ էլ ցանկություն ունեմ միջամտելու այդ գործընթացին»,-եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը: