16 հունիսի 2012 - 17:28 AMT
Ծառուկյանը խոստացել է Օսկանյանին պաշտպանել իր կուսակցական ընկերների իրավունքները

Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:

Ինչպես հաղորդում է Գագիլ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը, վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար: ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը:

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև, անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ:

Ազգային անվտանգության ծառայությունը քրեական հետաքննություն է վարում «Սիվիլիթաս» հիմնադրամի հանդեպ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ կետով` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում» («փողերի լվացում»):

Հայաստանի նախկին ԱԳ նախարար և «Սիվիլիթաս» հիմնադրամի նախկին տնօրեն Վարդան Օսկանյանն այդ գործով հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում հայտնել է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա: