18 հունիսի 2012 - 17:21 AMT
Վարչապետն ավարտական դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի լավագույն շրջանավարտներին

ՀՀ վարչապետ եւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում Հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած տոնական միջոցառման ժամանակ ավարտական դիպլոմներ հանձնեց այս տարվա շրջանավարտներից լավագույններին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունից` միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամները՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու բարձրաստիճան այլ հյուրեր:

Համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը կարմիր դիպլոմներ է հանձնել 11 ֆակուլտետների լավագույն 22 ուսանողներին:

Պաշտոնական մասին հաջորդել է տոնական համերգը. հայ էստրադայի ներկայացուցիչներ Մհերը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանն ու Էրիկը շնորհավորեցին շրջանավարտներին և իրենց աշխույժ կատարումներով տոնական շունչ հաղորդեցին երեկոյին: