18 հունիսի 2012 - 18:27 AMT
Պերմում կայացել է «Միհր» թատրոնի նոր ներկայացման պրեմիերան

«Սպիտակ գիշերները Պերմում» փառատոնի ընթացքում կայացել է «Միհր» թատրոնի «Մտքերի երկխոսություն» ներկայացման պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը: Ներկայացման գլխավոր կերպարները երեքն են. ծանր, թեթև մտքերը և մտքի բացակայությունը:

Դերասանները ներկայացումը խաղացել են երեք օր` հունիսի 13-15-ը:

«Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: Թատրոնի նպատակն է բացահայտել ամեն շարժման փիլիսոփայական գաղափարը` միաձուլելով արվեստը, նկարչությունը, պարը և փիլիսոփայությունը: Անցած տարի ևս թատրոնը փայլուն կերպով մասնակցել է Պերմի փառատոնին: