20 հունիսի 2012 - 16:44 AMT
Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել

Երևան–Մեղրի ավտոճանապարհի 131–րդ կմ հատվածում այսօր ժամը 08:30-ի սահմաններին տեղի է ունեցել ավտովթար` «ՎԱԶ 2108» մակնիշի 31 ՍՏ 042 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանն ասել է, որ վթարի հետևանքով զոհվել է ՊՆ պայմանագրային զինծառայող 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը:

Մյուս երկու ուղևորները Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ ՊՆ պայմանագրային զինծառայողներ 24–ամյա Տիգրան Մխիթարյանը, 24–ամյա Վահե Դանիելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:

Մերի Սարգսյանը նշեց, որ բժիշկները վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատել են լավ, նրանցից մեկը շուտով դուրս կգրվի:

Փաստի առիթով ՀՀ ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր.օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: