21 հունիսի 2012 - 15:24 AMT
Հայաստանը մտադիր է իր բաժինը ԱԶՍԲ պարտֆելում հասցնել 5 տոկոսի

Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) խորհուրդն արդեն հաստատել է Հայաստանի 2011-14թթ. զարգացման չորրորդ միջնաժամկետ ռազմավարությունը, այն միանգամայն համահունչ է կառավարության զարգացման ծրագրին: Այդ մասին հունիսի 21-ին Երևանում կայացած Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսաների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ Հայաստանի բաժինը բանկի պորտֆելում կազմում է 3,7 տոկոս, սակայն, նախատեսվում է այն հասցնել 5 տոկոսի, ընդ որում Հայաստանի մասնաբաժինը բանկի կապիտալում չի գերազանցում 1 տոկոսը:

Նա նաև հայտնել է, որ հունիսի 22-ին Երևանում կայանալիք «Հայաստան գործարար համաժողով. Աճի ու միջազգային փորձի հնարավորություններ» համաժողովում զեկույցներ կներկայացվեն երեք հիմնական թեմաներով՝ Հայաստանի տնտեսության վիճակը, նրա նվաճումները, կառավարության քայլերն այդ ուղղությամբ, կդիտարկվեն նաև կոնկրետ ծրագրեր:

Ինչ վերաբերում է հունիսի 24-ին կայանալիք ԱԶՍԲ կառավարիչների հանդիպումը, ապա, ըստ նրա, օրակարգում բանկի շահույթի վերաբաշխման, գործունեության ամփոփոիչ արդյունքներին առնչվող հարցեր են: