21 հունիսի 2012 - 17:15 AMT
«Հարսնաքարում» ծեծի ենթարկված ՊՆ մայորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ռեստորանի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված ՊՆ մայոր 34-ամյա Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին Կենտրոնական զինվորական հոսպիտալից:

Բժիշկները ծանր են գնահատում նաև մյուս երկու տուժածների վիճակը ՊՆ բժիշկ 32-ամյա Արտակ Բայադյանի և 33-ամյա ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեպքից մեկ օր հետո` հունիսի 18-ին:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի են ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ վերջիններիս ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :