23 հունիսի 2012 - 14:45 AMT
Բակո Սահակյանը մասնակցել է «Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին մասնակցել է «Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովին:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նման կարևոր միջոցառման պարբերաբար անցկացումն Արցախում բարի ավանդույթ դարձնելու կապակցությամբ: Բակո Սահակյանի խոսքով, համաժողովը ևս մեկ հնարավորություն է` տեղում ծանոթանալու մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղություններին ու հեռանկարներին, տնտեսական դաշտին ու ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև արդյունավետ քննարկումներ անցկացնելու առկա խնդիրների շուրջ և հանդես գալու նոր ու կառուցողական առաջարկություններով, PanARMENIAN.Net-ին են հայտնել Արցախի նախագահի մամլո ծառայությունից:

Միաժամանակ, նախագահը հայտնել է հանրապետության իշխանությունների պատրասակամությունը` ըստ ամենայնի աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության իրականացմանը` ուղղված Արցախի բարգավաճմանը, մեր երկրի տնտեսական առաջընթացին, գործարար կյանքի աշխուժացմանն ու համաշխարհային տնտեսությանն ինտեգրմանը:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: