30 սեպտեմբերի 2004 - 19:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-5 ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՄՀ ԵՎ ՀԲ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ
Հոկտեմբերի 2-5-ը Վաշինգտոնում տեղի են ունենալու երեք կարեւոր իրադարձություններ` տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպումը, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան` 2004 թվականի համաժողովը եւ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի հանդիպումը: Այս երեք միջոցառումներին իր մասնակցությունն է ցուցաբերելու նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի ղեկավարությամբ: ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի համաժողովներում կքննարկվեն այդ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունավետության խթանման մեխանիզմները եւ առաջիկա միջոցառումները: Հոկտեմբերի 4-ին տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խումբը կանդրադառնա տնտեսական համագործակցության տարաբնույթ խնդիրներին: Հոկտեմբերի 5-ին Հայաստանի պատվիրակությունը կհանդիպի Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Վ.Խաչատրյանը կներկայացնի այն առաջարկություններն ու ծրագրերը, որոնք Հայաստանը առաջարկում է ընդգրկել հազարամյակի մարտահրավերների դեմ պայքարի ծրագրում: