25 հունիսի 2012 - 11:29 AMT
Հայաստանի մասին պատմող «Այստեղ» ֆիլմը ցուցադրվել է նաև Սիեթլի կինոփառատոնում

Հայաստանի մասին պատմող «Այստեղ» (Here) ամերիկյան ֆիլմը հունիսի 24-ին ցուցադրվել է Սիեթլի (ԱՄՆ) միջազգային կինոփառատոնում: Ինչպես հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը, Բրեյդեն Քինգի ֆիլմը ցուցադրվելու է մինչև հունիսի 28-ը:

Ֆիլմը մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների, այդ թվում և «Ոսկե ծիրան 2011»-ին: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թ-ին Սանդենսի և Բեռլինի կինոփառատոներում:

Ֆիլմի հերոսը` Ուիլը Հայաստանի հետազոտությունը ղեկավարող արբանյակային քարտեզագրման ինժեներ է: Մի առավոտ գյուղական հյուրանոցում նա հանդիպում է Կատարինեին` մի հայրենադարձ հայ լուսանկարչուհու, ով երկար տարիներ անց առաջին անգամ տուն է վերադարձել: Երկու միայնակ ճամփորդների միջև գրեթե վայրկենական, չգիտակցված կապ է ստեղծվում, նրանք ներքին մղումով որոշում են միանալ:

Բրեյդեն Քինգը ծնվել է 1971 թ-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում:1993-ին ավարտել է Լոս Անջելեսի Հյուսիսային Կարոլինա համալսարանի Կինոյի և հեռուստատեսության դպրոցը: Նրա «Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը» ֆիլմը ցուցադրվել է 20-ից ավելի խոշոր կինոփառատոներում և աշխարհով մեկ շրջել է «Boxhead Ensemble»-ի անվանի խմբի կենդանի, հանպատրաստից երաժշտության նվագակցությամբ: Քինգի ֆիլմերը փորձում են ջնջել դասակարգումները, համատեղել ավանդական միջոցներն ու փորձարարական մոտեցումները: Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի առաջատար կինոփառատոներում և հաստատություններում, որոնց թվում են Սանդենսը, Ռոտերդամը, Բեռլինը, Լոնդոնը, Մելբուռնը, Սինգապուրը, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանը և այլն: Քինգը դասավանդել է Յեյլի, Հարավային Կալիֆորնիայի համալսարաններում, Բարդ, Ուիթոն քոլեջներում և այլուր: Նրան շնորհված պարգևների թվում են Կաննի ԿՓ-ի Ատելյեի մրցանակը և NHK-ի ռեժիսորական մրցանակը Սանդենսի ԿՓ-ում 2008-ին, Արտհաուսային և փորձարարական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (CICAE) մրցանակը 2011-ին Բեռլինի ՄԿՓ-ում և այլն: