Եգիպտոսի նոր նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտնում է Իսրայելի հետ Քեմփդևիդյան հաշտության պայմանագրի պայմանները վերանայելու իր մտադրության մասին: Ինտերֆաքսի հաղորդմամբ` այդ մասին նա հայտնել է Fars իրանական գործակալությանը:
«Մեր քաղաքականությունը Իսրայելի հանդեպ հիմնված է լինելու հավասարության սկզբունքի վրա, քանի որ մենք իսրայելցիներից ցածր չենք: Մենք կքննարկենք պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը, քանի որ դա շատ կարևոր է»,- ասել է Մուրսին:
Դրա հետ մեկտեղ Մուրսին ընդգծել է, որ «ոչ մի որոշում միայնակ չի կայացնի», և բոլոր փոփոխությունները կկարգավորվեն կառավարության կողմից:
Եգիպտոսի նախագահը նաև արտահայտվել է Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների ամրապնդման կողմից, ինչը, նրա կարծիքով, մարտավարական հավասարակշռություն կստեղծի տարածաշրջանում: