25 հունիսի 2012 - 17:54 AMT
Ավստրալիան ակնկալում է, որ Հայաստանը կաջակցի իր թեկնածությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի հարցերի հատուկ բանագնաց Ռասել Թրուդին: «Հայաստանը շահագրգռված է հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացման և խորացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կարևորելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ աջակցությունը և հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը, PanARMENIAN.Net-ին է հայտնել կառավարության մամլո ծառայությունը:

Ռասել Թրուդը վարչապետին է ներկայացրել Ավստրալիայի կառավարության խնդրանքը՝ 2013-2014 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ավստրալիայի թեկնածությանն աջակցելու հարցում:

Տիգրան Սարգսյանը խոստացել է քննարկել հարցը և մինչ քվեարկությունը ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը:

Զրուցակիցները կարևորել են ինչպես տարբեր միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությունը, այնպես էլ երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը: