Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Մարութ Վանյանի «Արցախ» թաղամասի շենքերից մեկի անորակ շինարարության մասին «Արցախաբնակները Facebook-ում» խմբում կատարված գրառման և տեղադրված լուսանկարին։ Այս մասին հաղորդում է karabakh-open.info-ն։
Մարութ Վանյանը գրել էր Ստեփանակերտի նորակառույց «Արցախ» թաղամասի շենքերից մեկի անորակ շինարարության մասին և տեղադրել լուսանկար:
Դատախազությունն այդ առթիվ ստուգում է իրականացրել 2012թ. հունիսի 7-ին և պարզել, որ համացանցում տեղադրված լուսանկարի շենքի կառուցման կապալառու կազմակերպությունը հանդիսանում է «Կամուրջ» ՍՊԸ-ն, որի կողմից շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են:
Արտաքին պատերի սվաղը կատարվել է անցած աշնանը: Գարնանային խոնավ եղանակից կտրուկ ամառային տաք եղանակներին անցնելը հնարավոր պատճառ է հանդիսացել արտաքին պատերի սվաղի ճաքմանը: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների կողմից մայիս ամսին կատարվել էին ստուգումներ, որոնց ընթացքում կապալառուին հանձնարարվել էր շտկել թերությունները:
Հաշվի առնելով նշված հանգամանքները և նկատի ունենալով, որ համացանցում տեղադրված լուսանկարի շենքի նորոգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից նախաձեռնված ստուգումների հետագա ընթացքը դադարեցրել է: