6 հոկտեմբերի 2004 - 20:29 AMT
ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՈՐԾՈՒՆ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Երեկ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը եւ մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպեցին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հետ: Ինչպես հաղորդել են խորհրդարանի մամլո ծառայությունում, խոսելով Հարավկովկասյան եւ Բալկանյան տարածաշրջանների հիմնախնդիրների մասին` ԱԺ փոխնախագահը նկատել է, որ դրանք հաճախ նման են եւ Բուլղարիայի իշխանությունները փորձում են նպաստել դրանց լուծմանը: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ տրանսպորտային կապի զարգացումը հատկապես, երբ այսօր ահաբեկչության դեմ պայքարի ծավալման նպատակով Ռուսաստանը փակել է Անդրկովկաս տանող ցամաքային ճանապարհը: Բուլղարիայի նախագահը նկատել է, որ միջազգային կազմակերպությունները ընձեռում են երկու պետություններին ոչ միայն շփումների, այլեւ միմյանց սատարելու հնարավորություն: Գ.Պրվանովի խոսքերով, իր երկիրը Հայաստանի հետ քաղաքական ու համակողմանի տնտեսական կապերի զարգացման կողմնակիցն է եւ պատրաստակամ է գործուն դեր կատարել Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ լուծման խնդրում: