27 հունիսի 2012 - 21:38 AMT
ՀԱԿ. Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի` մայիսի 6-ի ընտրությունները ժողովրդավարական նորմերին չեն համապատասխանել

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցը:

Ինչպես նշում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, զեկույցում մասնավորապես ասված է, որ «ընտրությունները, որոնք անցկացվել են կատարելագործված օրենքի հիման վրա, բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով:

Ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրողների ընտրության ազատության սահմանափակման ջանքերը, ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ և հակասության մեջ են մտել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների հետ»:

Նշվում է նաև, որ այս գնահատականը, ըստ էության, նշանակում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները չեն ընդունել, որ այս ընտրությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին:

Զեկույցում նաև բազմաթիվ տեղեկություններ կան վարչական ռեսուրսի օգտագործման, բազմակի քվեարկության, ձայների գնման մասին:

Ըստ ՀԱԿ-ի` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը «ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում և նաև թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները, որոնք ամբողջովին կեղծելով ընտրությությունները, ըստ էության, մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը»: