28 հունիսի 2012 - 15:45 AMT
FOREX CLUB-ի վերլուծաբաններ. Հայաստանը պետք է զգուշանա տնտեսական վիճակի վատթարացումից Իսպանիայում և Իտալիայում

Աշխարհն ուշադիր հետևում է եվրոյի գոտում տիրող իրավիճակին և անհամբեր սպասում է Բրյուսելի գագաթաժողովի արդյունքներին, որն անցնում է հունիսի 28-29-ը: «Համաշխարհային տնտեսությունը լիկվիդայնության ճգնաժամ է ապրում, սակայն իրավիճակի վատթարացումը ոչ միայն Հունաստանին է սպառնում, շատ ավելի կարևոր է, թե ինչ վիճակ կլինի ԵՄ առավել խոշոր երկրներում՝ Իսպանիայում ու Իտալիայում, վերջինը տարածքով ԵՄ թվով երրորդ երկիրն է»,-ասել է FOREX CLUB-ի վերլուծաբանական կենտրոնի ղեկավար Անդրեյ Դիրգինը հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Բրյուսելում մեկնարկած ԵՄ երկրների նախագահների ու վարչապետերի առաջիկա գագաթաժողովում հարց կբարձրացվի եվրոպական բանկային միություն ստեղծելու, առավել մեծ ֆինանսական ինտեգրման, ինչպես նաև պարտքերի կրճատման հիմնադրամի կազմակերպման հնարավորությունները:

Ըստ նրա, ԵՄ տնտեսությունն այժմ ավելի վատ վիճակում է, և կարող է տարին փակել ՀՆԱ բացասական ցուցանիշով, այն դեպքում, երբ ԱՄՆ տնտեսությունը, որտեղ աճում են անշարժ գույքի գները, ՀՆԱ 2,5 տոկոս աճ կարող է արձանագրել: Այնուամենայնիվ, տնտեսական աճի առաջատարը շարունակում է մնալ Չինաստանը:

Իր հերթին FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը հավելել է, որ արդեն 5 երկիր, որտեղ ճգնաժամն ահագնացել է, դիմել են միջազգային կառույցներին ֆինանսական օգնության համար: Այդ համատեքստում նա նշել է, որ համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսության վրա, ինչն իր հերթին կանդրադառնա նաև Հայաստանի վրա, որի համար վերջինս գլխավոր առևտրային գործընկերն է: