Վիեննայում անցնում է ԵԱՀԿ անվտանգության գծով ամենամյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովում հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը, որն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը: «ԱՄՆ-ն որպես ՄԽ եռահամանախագահներից մեկը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը հասնելու գործում կողմերին աջակցելուն»,-ասել է Ռուբինը:
Պետդեպի ներկայացուցիչը հավելել է, որ «Մինսկի խումբը կենսականորեն կարևոր կառույց է պատերազմը կանխելու համար և բանակցությունների միջոցով կողմերին խաղաղությանը մոտեցնելու համար: Ընթացիկ տարվա հունվարին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները համատեղ հայտարարություն արեցին Սոչիում, որտեղ պարտավորվեցին արագացնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի կնքումը, ինչպես նաև շարունակել աշխատանքը հումանիտար շփումների և շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Համանախագահները ինտենսիվ աշխատեցին, օգնելու համար կողմերին կյանքի կոչել այն, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ: Թեև ՄԽ-ն առաջընթացի է հասել համապարփակ կարգավորման շրջանակների մասին, մնում է կարևոր աշխատանք կատարել»:
Ըստ Ռուբինի, «յինչպես ասվում է նախագահներ Օբամայի, Օլանդի և Պուտինի հունիսի 18-ի հայտարարության մեջ, կողմերը պետք է իրենց քաղաքական կամքը ցույց տան, որոշումներ կայացնելով, որոնք հնարավոր կդարձնեն խաղաղ կարգավորումը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:
ԱՄՆ-ն և մյուս համանախագահները կոչ արեցին կողմերին զերծ մնալ ռազմատենչ հռետորությունից»:
Նման դիրքրորոշում հայտնեցին նաև ՄԽ համանախագահ մյուս երկրների, ինչպես նաև ԵՄ և այլ երկրների ներկայացուցիչները: