Հունիսի 29-ին Երևանում աշխատանքն է սկսել «Գլոբալ էներգիայի փոխակերպման ուղիները և քաղաքականության գործիքները» տարածաշրջանային սեմինարը: Ինչպես հայտնել է Հայաստանի ՀՀ Էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, սեմինարի ընթացքում կներկայացվեն էներգետի ոլորտի զարգացման նոր մեթոդաբանությունն ու զարգացման գործիքները, որոնք հիմնված են էկոլոգիապես մաքուր լուծումների վրա և թույլ են տալիս խուսափել շրջակա միջավայրի աղտոտումից, ինչպես նաև լուծում են բոլոր սպառողների համար էներգիայի մատչելիության հարցը: «Մեր երկիրը դասվում է այն երկրների շարքին, որոնք լուծել են էներգիայի հասանելիության հարցը, Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է օգտվել էներգիայից, այդ թվում նաև գազի օգտագործման միջոցով»,-ասել է նա: Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա Հայաստանում հաջողվել է անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծել գազի մատակարարման և տրանսպորտի ոլորտում նրա կիրառման համար:
Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում ծրագրեր են մշակվել վերականգնվող էներգիայի տարբեր ոլորտների համար էներգախնայողության ու էներգաարդյունավետության առումով, լավ զարգացած օրենսդրական դաշտ ունենք ներդրումների համար: Արեգ Գալստյանը հայտնել է, որ 5 տարում Հայաստանին հաջողվել է փոքր ՀԷԿ-երի էներգիայի սպառման մակարդակը հասցնել 8 տոկոսի, ինչը կայուն ցուցանիշ է: «Փորձում ենք նույնը անել նաև վերականգնվող էներգիայի այլ ճյուղերի համար»,-ասել է նա:
Իր հերթին ՄԱԱԶԿ քարտուղարության Էներգիայի և կլիմայի փոփոխության մասնաճյուղի Վերականգնվող և գյուղատնտեսական էներգիայի բաժնի պետ Դիեգո Մասերան հավելել է, որ էնրեգիայի փոխակերպման ու կլիմայի փոփոխության խնդիրների վրա բազում գիտնականներ են աշխատել նոր մոտեցումներ մշակելու համար: «Էներգիայի վերափոխման համար 10 տարի կպահանջվի, ապահովելու համար էներգիայի մատակարարման ճկունությունն ու հին տեխնոլոգիաներից ազատվելու համար»,-ասել է նա: Նա հավելել է, որ արդեն 2008թ. աշխարհի զարգացած երկրները իրենց պոտենցիալը հզորացնում են վերականգնվող էներգիայի ներքին աղբյուրների միջոցով, ստեղծելով աշխատատեղեր և հրաժարվելով միջուկային էներգիայից:
Ըստ նրա, Հայաստանը ևս մեծ ներուժ ունի վերականգնվող էներգիայի ոլորտում:
Սեմինարի կազմակերպիչն է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը Հայաստանի կառավարության, Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի, Գլոբալ էկոլոգիական ֆոնդի հետ:
Սեմինարի նպատակն է Գլոբալ էներգետիկ գնահատման քննարկումը, քաղաքական մեխանիզմների կիրառմամբ` էներգիայի միացյալ խնայման և ջերմոցային գազերի կրճատման նպատակով: